ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Քաղաքականությունը սպորտին խառնվելու դեպքում կորչում են խաղային որակները»

«Քաղաքականությունը սպորտին խառնվելու դեպքում կորչում են խաղային որակները»
08.05.2014 | 11:44

Վոլեյբոլ մարզաձևը քարուքանդ վիճակից այսօր փորձում է վերականգնվել։ Գուցե այդ զարգացումն այս պահին կողքից չի նկատվում, սակայն ժամանակի ընթացքում և քրտնաջան, համախմբված աշխատանքի դեպքում արդյունքներն ակներև կդառնան։ Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի ասիստենտ, սպորտի վարպետ, վոլեյբոլի ազգային կարգի մրցավար ԳՐԻԳՈՐԻ ԱՄԲԱՐՅԱՆԸ։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան Ռուսաստանի ֆեդերացիայի հետ հուշագիր է ստորագրել, համաձայն որի՝ ՌԴ վոլեյբոլի ֆեդերացիան հայ գործընկերներին կապահովի մարզագույքով, կաջակցի այլ հարցերում։

Ապրիլին ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ 1996-99թթ. ծնված աղջիկների և տղաների Հայաստանի վոլեյբոլի հավաքական թիմերը մասնակցել են դպրոցականների աշխարհի առաջնությանը։ Գրիգորի Ամբարյանը նշում է, որ վերջին 15-20 տարվա ընթացքում Հայաստանն ընդհանրապես չէր մասնակցել վոլեյբոլի միջազգային մրցաշարի։ «Դպրոցականների աշխարհի առաջնությունում ես որպես մրցավար էի ներկա։ Իմ տպավորությունը մեր երեխաների խաղից բովականին լավ էր, եթե հաշվի առնենք, որ նրանք ընդհանրապես չէին մրցել միջազգային ասպարեզում։ Մտածում էի, որ գոնե մեկ խաղափուլ հաղթեն, մեծ ձեռքբերում կլինի։ Սակայն մեր դպրոցականները հաղթել են Դանիայի հավաքականի հետ խաղում, 2-3-ում էլ հավասար պայքարում պարտվել են՝ մի խաղում մրցավարի սխալի, մյուսներում փորձի պակաստի պատճառով։ Տղաների հավաքականն ընդգրկված էր մի խմբում, որտեղ խաղում էին աշխարհի չեմպիոնները, Կիպրոսի, Իսրայելի հավաքականները։ Մեր մարզիկները հավասար պայքարել են նման ուժեղագույն հավաքականների հետ»,- նշեց Գրիգորի Ամբարյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ են ֆինանսներ, որպեսզի մեր մարզիկները կարողանան հաճախակի մասնակցել միջազգային մրցաշարերի ու փորձ ձեռք բերեն։
Յուրաքանչյուր մարզաձևի զարգացման հարցում կարևոր են մարզիչներն ու մրցավարները։ Մեր զրուցակիցը նկատում է, որ Հայաստանում կան լավ մարզիչներ, սակայն նրանց վերապատրաստվել է անհրաժեշտ։ Ժամանակակից վոլեյբոլը շատ է փոխվել, և պետք է ժամանակին համընթաց քայլել։ Վոլեյբոլի ֆեդերացիան այսօր քայլեր է անում մարզիչների վերապատրաստման ուղղությամբ։ Մասնավորապես, ամռանը և՜ մրցավարական, և՜ մարզչական սեմինարներ կանցկացվեն մեր մասնագետների համար։
Մարզերում վոլեյբոլն այնքան էլ զարգացած չէ։ Այս մարզաձևով զբաղվում են Վանաձորում, Սիսիանում, Արթիկում, Գավառում, Կապանում, Գորիսում, Արմավիրում։ «Վանաձորում ունենք տղաների, Սիսիանում՝ աղջիկների շատ լավ հավաքականներ։ Վոլեյբոլի ֆեդերացիայի որդեգրած քաղաքականության արդյունքում վոլեյբոլի մրցաշարերն անցկացվում են մարզերում։ Տղաների բարձրագույն խմբի վերջին առաջնությունը տեղի ունեցավ Արմավիրում։ Աղջիկների մրցումները կանցկացվեն Գորիսում։ Պատանիները առաջիկա մրցումները՝ Վանաձորում։ Մեր նպատակն է ամբողջ Հայաստանում քարոզել վոլեյբոլն ու մասսայականացնել այն»,- նշում է մեր զրուցակիցը։
Վոլեյբոլը մասսայական սպորտաձև է, համենայն դեպս, բակերում այն շատ են խաղում, սակայն պրոֆեսիոնալ մակարդակում այս մարզաձևն այնքան էլ աչքի չի ընկնում։ Պրոֆեսիոնալ մակարդակում այն զարգացնելու համար անհրաժեշտ են ֆինանսներ։ Պետք է ստեղծվեն ակումբներ, մարզիկները պետք է վարձատրվեն, որպեսզի այլ աշխատանք չփնտրեն՝ ինչպես ֆուտբոլում։
Գրիգորի Ամբարյանի տեղեկացմամբ աշնանը, ամենայն հավանականությամբ, Հայաստանում կանցկացվի վոլեյբոլի միջազգային մրցաշար, ինչը նույնպես կնպաստի Հայաստանում վոլեյբոլի զարգացմանը։
Օրերս սպորտի և երիտասարդության հարցերի նոր նախարարին ներկայացնելիս վարչապետն ընդգծեց, որ սպորտը պետք է հեռու լինի քաղաքականությունից։ Գրիգորի Ամբարյանը համամիտ է այդ տեսակետին. «Երբ քաղաքականությունը խառնվում է սպորտին, կորչում են խաղային որակները, մարզիկները սկսում են խաղալ ոչ թե հաղթանակի, այլ ինչ-որ մեկին գոհացնելու համար, իսկ դա սպորտ համարվել չի կարող։ Երբ սպորտը քաղաքականացվում է, ոլորտի ղեկավարները փոխվելիս փոխում են ներքին օղակներին, ինչի հետևանքով տուժում են իրենց քրտինքով աշխատող մարզիչներն ու մարզիկները։ Այնպես որ՝ քաղաքականությունը սպորտի հետ չպետք է կապել։ Հայ ու թուրք մարզիկները մրցում են գորգի վրա, մրցում են հանուն հաղթանակի, լավագույն գոտեմարտ ցույց տալու համար և ոչ թե հանուն քաղաքականության»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ